ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.03.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են «Տրանսկովկասյան արահետ» զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Դավթյանին

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են «Տրանսկովկասյան արահետ» զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Դավթյանին։
«Տրանսկովկասյան արահետ» զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպությունը հանդիսանում է Վաշինգտոնում գտնվող «Տրանսկովկասյան արահետ Ասոցիացիայի» ներկայացուցչությունը Հայաստանում։
Կազմակերպությունն աշխատանքներ է տանում ՀՀ արկածային զբոսաշրջության ոլորտում ենթակառուցվածքների զարգացման, էկոտուրիզմի խթանման, զբոսաշրջիկների հոսքի ավելացման ուղղություններով՝ ընդգրկելով ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքները։
Կազմակերպության առաջին և ամենամեծ ծրագիրը ներառում է Հայաստանի հյուսիսային սահմանը հարավային սահմանին կապող քայլարշավային արահետի կառուցումն ու կահավորումը միջազգային չափորոշիչներին համապատասխան։
2017 թվականին «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 85 կմ երկարությամբ բազմօրյա արշավային շրջանաձև երթուղի, որը դարձավ միջազգային չափանիշներով կառուցված արահետային ենթակառուցվածքի առաջին նմուշը։
Շրջակա միջավայրի նախարարությունը հանձնառու է բնության հատուկ պահպանվող տարածքներում խթանել էկոզբոսաշրջության զարգացումը և նպաստել զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների որակի բարելավմանը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր և պետական գերատեսչության ու մասնավոր կառույցի համագործակցությամբ համատեղ ծրագրերի իրականացման  հնարավորությունները։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը կարևորել է բնության հատուկ պահպանվող տարածքների  պահպանության ռեժիմների անխաթարության ապահովումը և այդ նպատակով զբոսաշրջիկների հետ իրազեկման աշխատանքների գրագետ կազմակերպումը։
Աննա Մազմանյանը  նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել՝ անել հնարավորը Հայաստանում քայլարշավային զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։