ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.07.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական, կլիմայական հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի գլխավորած պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական, կլիմայական հարցերով նախագահի հատուկ  ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով գործընկերներին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական փոխհարաբերությունները շրջակա միջավայրի ոլորտում և փաստել, որ առկա է ոլորտային համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ, որը երկկողմանի ջանքերի շնորհիվ պետք է արդյունավետորեն իրացնել։
Պարոն Ռուսլան Էդելգերիևը ևս փաստել է, որ առկա են ոլորտային համագործակցության առավել լայն հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել՝ նոր թափ հաղորդելով  շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող քայլերին, ջրային ոլորտում առկա խնդիրներին և կլիմայական գործոններով պայմանավորված մարտահրավերներին, անապատացման և հողերի դեգրադացիայի խնդրին, ինչպես նաև Կողմերի 28 և 29-րդ նստաշրջաններին։
Քննարկվել է նաև «Պարտք` կլիմայի դիմաց» մեխանիզմի շուրջ բանակցությունների և աշխատանքների շարունակման հարցը։
Կողմերը պայմանավորվել են երկկողմ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ամրացնելու համար անհրաժեշտ գործուն քայլեր ձեռնարկել՝ հատկապես հաշվի առնելով կլիմայական օրակարգի առաջնահերթ լինելը երկու երկրների համար։