ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.04.2022
Միջազգային համագործակցություն

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար Թաթուլ Հայրապետյանը և Վրաստանի Հանրապետության Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության «Սակաէրոնավիգացիա» ընկերության գլխավոր տնօրեն Գոչա Մեզվիրիշվիլին կնքել են համագործակցության մտադրությունների մասին արձանագրություն։
Արձանագրության նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության օդային տարածքներում (Yerevan FIR և Tbilisi FIR) քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական հսկողության մարմինների կողմից ավիացիոն օգտատերերին SIGMET (թռիչքի երթուղում փաստացի և սպասվող եղանակի վտանգավոր երևույթներ) տեղեկատվության համաձայնեցված տրամադրումն է, որը մշակվել է ICAO EUR DOC 014 SIGMET-ի և AIRMET-ի ICAO Եվրոպական տարածաշրջանի ուղեցույցի SIGMET համակարգման ընթացակարգերի ձևանմուշի հիման վրա։
Հայաստանի և Վրաստանի օդային տարածքներում թողարկվող միասնական ու  համաձայնեցված SIGMET տեղեկատվությունից կօգտվեն երկու երկրների օդային տարածքով տարանցիկ չվերթներ իրականացնող օդանավերը, ինչը հնարավորություն կտա մեծացնել օդերևութաբանական սպասարկման տեսանկյունից թռիչքների անվտանգությունը և տարանցիկ չվերթների քանակը։
Վրաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գործակալության «Սակաէրոնավիգացիա» ընկերության գլխամասային գրասենյակում Թաթուլ Հայրապետյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել «Սակաէրոնավիգացիա» ընկերության և օդերևութաբանական սպասարկման ծառայության ղեկավարների հետ։
Ընդգծվել է նաև երկկողմ պատրաստակամությունը՝ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման համար։
Այս գործընթացը իրականացվել է շրջակա միջավայրի նախարարի աջակցությամբ, «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության և «Սակաէրոնավիգացիա» ընկերության  համապատասխան մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում։