ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.04.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հանդիպել է մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ

Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության ապահովման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» ծրագրի շրջանակում հանդիպում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման նպատակը ոլորտի զարգացմանը վերաբերող հնարավորությունների և ուղղությունների քննարկումն էր, առկա խոչընդոտների բացահայտումը, ինչպես նաև վերջիններիս լուծման նպատակով մոտեցումների առաջադրումն էր։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը նշել է, որ շատ կարևոր է ծրագրի նախնական փուլում բարձրաձայնել այն բոլոր խնդիրների մասին, ինչը մասնավոր հատվածի ներկայացուցիչները ակնկալում են պետությունից, որպեսզի իրավական ակտերի մշակման փուլում հնարավորիս դրանք հաշվի առնվեն։
Նախարարի տեղակալը հայտնել է, որ այսպիսի հանդիպումները լինելու են շարունակական և ծրագրի  բաղադիչները համապատասխան շահառուների հետ քննարկվելու են առանձին-առանձին։  
«Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության ապահովման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից, որոնց շրջանակում՝
Աջակցություն է տրամադրվելու շրջակա միջավայրի նախարարությանը էլեկտրական տրանսպորտային միջոցների (ԷՏՄ) ավելացմանն ուղղված քաղաքականության և իրավակարգավորումների մշակման նպատակով,
Առաջարկություններ են ներկայացվելու ԷՏՄ-ների և դրանց հետ կապված ենթակառուցվածքների ֆինանսավորման գործընթացում մասնավոր հատվածի և միջազգային ֆինանսական կառույցների մասնակցության խթանման նպատակով,
Ծրագիր  է մշակվելու ԷՏՄ-ների լիցքավորման կայանների և հարակից ենթակառուցվածքների ընդլայնման նպատակով,
Մշակվելու է ԷՏՄ-ների ավելացմանն աջակցելու նպատակով հանրային իրազեկումներ իրականացնելու, ինչպես նաև արդյունքների գնահատման մեթոդաբանություն։