ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.03.2022
Սիգի արդյունագործական որսի նոր ծրագիրը մշակման փուլում է

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի  գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՝ Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության նոր մոտեցման ներդրման ծրագիրը և հնարավորությունները քննարկելու նպատակով։
Հանդիպմանը մասնակցել են  ներկայացուցիչներ «Սևան» ազգային պարկից, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից, Գեղարքունիքի մարզպետարանից և Սևանա լճի ափամերձ համայնքների ղեկավարներ։
Նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ այս խնդրի կարգավորման հարցում մենք գործ ունենք և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդրի հետ, ըստ այդմ՝ ներդրվող ծրագիրն առաջարկվող լուծումներով պետք է նպաստի լճում կենսապաշարի կայուն օգտագործմանն ու վերականգնմանը, ինչպես նաև գործնական և իրավական հարթություններում  ձկնորսների համար ստեղծի այնպիսի պայմաններ, որոնց դեպքում կբացառվի սիգի գերորսը և ապօրինի որսը։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է այն մոտեցումները, որոնք կդրվեն արդյունագործական ձկնորսության կարգավորման նոր ծրագրի հիմքում։ 
«Մեր նպատակն է բացառապես իրավական և իրավական պետության գործիքակազմով, Սևանա լճի հարակից բնակավայրերից ձկնորսությամբ զբաղվող  քաղաքացիների և ոլորտի մասնագետների հետ  համատեղ մշակել այնպիսի ռազմավարություն, որը հնարավորություն կտա կարգավորել պետության ու ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների միջև իրավահարաբերությունները և ուժեղացնել ապօրինի որսի նկատմամբ վերահսկողությունը»,-նշել է նախարարի տեղակալը։
Լսելով բոլոր դիտարկումները և առաջարկները, նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ ծրագրի մշակման շուրջ հանդիպումները կշարունակվեն, հաշվի կառնվեն շահագրգիռ կողմերի կարծիքները և արդյունքում կստեղծվի այնպիսի համալիր մոդել, որի ներդրման դեպքում կենսական նշանակության այս ոլորտում հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի։