ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.03.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Ստեֆան Դիոնին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին:
Ողջունելով պարոն Դիոնին շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կաևորել  սերտ ոլորտային համագործակցության կառուցումը։
«Բացի մեր երկրների միջև դիվանագիտական, միջպետական հարաբերությունների օրակարգային սպասարկումը, մենք պատրաստակամ ենք լայն համագործակցություն ծավալել նաև շրջակա միջավայրի կառավարման ոլորտում և համագործակցել այնպիսի կարևորագույն ուղղություներով, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարը, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը, հանրապետությունում ջրային ռեսուրսների ողջամիտ կառավարումը, գետերի ու Սևանա լճերի մաքրման տեխնիկական հնարավորությունների փորձի փոխանակումը և այլն»,-նշել է նախարարի տեղակալը։ 
Կողմերը քննարկել են երկարաժամկետ գերակայությունների ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գործընկերներին է ներկայացրել շրջակա միջավայրի ոլորտում մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և առանձնացրել այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Հայաստանը կարող է ակնկալել աջակցություն և փորձի փոխանակում։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սևանա լճի էկոհամակարգի առողջացման համալիր ծրագրերին, այդ թվում լիճ թափվող գետերի և կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողություններին։ 
Սևանա լճի խնդիրների վերաբերյալ զեկույցները կտրամադրվեն գործընկերներին՝ հետագա քննարկումների նպատակով։
Քննարկվել են անտառների պահպանության և անտառի վրա մարդածին ազդեցությունը մեղմող համատեղ ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունները։
Նախարարի տեղակալը շեշտել է, որ ցանկալի է փորձի փոխանակում իրականացնել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործիքակազմերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև համաշխարհային բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու կլիմայական օրակարգում Հայաստանի կողմից իրականացվող քայլերին։