ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2022
«Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունումը կապահովի օրենքի ներդաշնակությունը ԵԱՏՄ իրավակարգավորումներին

«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է լիազոր մարմնին վերապահել օդերևութաբանության և եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ռեեստրի վարման իրավասություն: 
Օրենքում առաջարկվող լրացումը պայմանավորված է օդերևութաբանության և եղանակի կանխատեսման բնագավառում անձանց հաշվառման անհրաժեշտությամբ, ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների միասնական շուկայի ձևավորմամբ, շուկայի մասնակիցների վերաբերյալ տվյալների փոխանակմամբ:
Նախագիծը քննարկվել է մայիսի 2-ի ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նախագծի ընդունումը կապահովի օրենքի ներդաշնակությունը ԵԱՏՄ իրավակարգավորումներին:
«ԵԱՏՄ բոլոր երկրներն այս գործընթացը  իրականացրել են: Միակ երկիրը, որը դեռ այդ պարտավորությունը չի կատարել, Հայաստանի Հանրապետությունն է»,- նշել է նախարարի տեղակալը։
Նախարարի տեղակալի  խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: