ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.03.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում։  Ոլորտը համակարգող նախարարի տեղակալը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ քննարկել է  Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտում մեկնարկած բարեփոխումների, դրա կարգավիճակի և գործունեության ընթացքի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է իր աշխատանքային ծրագրով սահմանված նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի փորձաքննություն՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում: 
2022թթ. հունվար-մարտ ամիսներին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ներկայացվել 74 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր և գնահատման հաշվետվություններ,
Սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել 14 հայտերին,   24 գործունեությունների վերաբերյալ տրամադրվել են եզրակացություններ,
Փորձաքննության գործընթացքում են գտնվում 134 գնահատման հայտերի և գնահատման հաշվետվությունների փաստաթղթեր,
Փորձաքննական գործընթացի իրականացման ժամանակահատվածում կազմակերպության մասնագետները գործուղվում են ՀՀ տարածքի համապատասխան ազդակիր համայնքներ՝ նախատեսվող գործունեությունների տեխնիկական առաջադրանքի և եզրակացության նախագծերը հասարակայնությանը ներկայացնելու և հանրային քննարկումներին մասնակցելու համար:
Նախարարի տեղակալը գործընկերների հետ քննարկել է նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները։
«ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է։ Եվ այդ ինստիտուտի կայացման ճանապարհին առաջնային և կարևոր նախապայման է ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնագիտական կարողությունների հզորացումը։ Պետք է հնարավորինս բարձրացնել ծառայությունների որակը»,-նշել է նախարարի տեղակալը։
Տրվել են մի շարք հանձնարարականներ փորձաքննական ժամկետները չխախտելու, եզրակացությունները և տեխնիկական առաջադրանքները ժամանակին, հիմնավորված, անսխալ կազմելու և ներկայացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից լրացուցիչ 10.541.7 հազար դրամ գումար էր հատկացրել՝ ՊՈԱԿ-ի աշխատավարձերի և պահպանման ծախսերի համար։