ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.03.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ներկայացուցիչներին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ)  «Արևելյան գործընկերության երկրներում դեկարբոնիզացման, կլիմայի դիմակայունության և էներգետիկ անվտանգության» բազմադոնոր ծրագրի գնահատման առաքելության ներկայացուցիչներին։
Ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության (EU) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության, ատոմային անվտանգության և սպառողների պաշտպանության նախարարության (BMUV) կողմից։
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանը բարձր է գնահատել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցությունը․
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ԵՄ երկրների շարքում Հայաստանի լավագույն գործընկերն է շրջակա միջավայրի ոլորտում։ Մենք  բարձր ենք գնահատում Գերմանիայի, տվյալ դեպքում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ)   աջակցությունը Հայաստանում շրջակա միջավայրի վիճակի բարելավման և պահպանության  օրակարգին»,-նշել է նախարարը։
ԵՄ գործողություն գնահատման առաքելության ղեկավար Մարտինա Կոլբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կրկին պատրաստակամություն հայտնել աջակցել  Հայաստանի Հանրապետությանը շրջակա միջավայրի ոլորտում առաջնահերթությունների շրջանակում․
«Պլանավորված բազմադոնոր ծրագրի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներում կանաչ անցմանը, ուժեղացնել դեկարբոնիզացիա (ապաածխածնացումը) և բարձրացնել դիմակայունությունը կլիմայի փոփոխության հետևաքների նպատակով»,-նշել է տիկին Կոլբը։ 
Նախարարը գործընկերներին է ներկայացրել այն առաջնահերթությունները և դրանց միտված օրենսդրական բարեփոխումները, որոնք այս պահին գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում։
Նախարարն անդրադարձել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացին և դրա լիարժեք իրականացման հարցում աջակցության ակնկալիք հայտնել։
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսի դիտարկմանը ջրային ոլորտում տարածաշրջանի երկրների համագործակցության վերաբերյալ, նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի Հանրապետության միջազգային հանրության պատասխանատու և լիարժեք անդամ լինելու փաստը․
«Հայաստանի Հանրապետությունը որպես տարածաշրջանի երկիր, այդ թվում  տարածաշրջանային ծրագրերի լիարժեք անդամ իրեն պատասխանատու է համարում ոլորտում առաջընթացի գրանցման համար։ Տարածաշրջանում հնարավոր խաղաղ գոյակցությունը, այդ թվում շրջակա միջավայրի ոլորտում, և մասնավորապես՝ ջրային ոլորտում համագործակցությունը մենք դիտարկում ենք կրկին միջազգային հանրության առջև մեր պատասխանատվության տեսանկյունից։ Երկրները ունեն սահմաններ, բայց ջրային ռեսուրսները չունեն դրանք, ուստի պետք է գտնել համագործակցության հնարավոր եզրերը և ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»։
Հանդիպման ավարտին նախարարը հաջողության է մաղթել առաքելության գործունեությանը և պատրաստակամություն հայտնել անել հնարավորը՝ ծրագրերի շարունակականության ապահովման և համատեղ նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։