ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.10.2022
Շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը և Կովկասի բնության հիմնադրամը (CNF) եռակողմ փոխըմբռնման հուշագիր են կնքել

Շրջակա միջավայրի նախարարությունը ՝ որպես ՀՀ գործադիր իշխանության կենտրոնական մարմին, որն մշակում և իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության, այդ թվում՝ կենսաբազմազանության մոնիթորինգի ոլորտում պետական քաղաքականությունը, Թախտաջյանի անվ․ բուսաբանության ինստիտուտը՝ որպես  Հայաստանի ֆլորայի և բուսական ծածկույթի  վերաբերյալ արժեքավոր հիմնարար և կիրառական ուսումնասիրություններ, ներառյալ՝ էկոհամակարգերի և ՀՀ Կարմիր   գրքային, էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակների աճելավայրերի հետազոտություն և մոնիթորինգ իրականացնող մարմին և Կովկասի բնության հիմնադրամը, որը հանդիսանում է  Գերմանիայի օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնված և գործող հիմնադրամ և որն օժանդակում է Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանը, մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանմանն ու զարգացմանը, ստորագրել են համատեղ հուշագիր, որով սկսում են երկարաժամկետ համագործակցություն՝ Կովկասի բնության հիմնադրամի կողմից աջակցություն ստացող ՀՀ բնության հատուկ պահանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման նպատակով։
Հուշագիրը ստորագրել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվ․ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը և  Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերը։
Շնորհավորելով գործընկերներին` նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը համագործակցությունը նախադեպային է գնահատել։ Նախարարի տեղակալի խոսքով անչափ կարևոր է, երբ ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվում ոլորտի պետական քաղաքականություն մշակող մարմնի, գիտական ինստիտուտի և միջազգային ինստիտուտի համագործակցությունը։
Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գործել  ավելի կանաչ, զարգացած և լավ շրջակա միջավայր ունենալու միասնական տեսլականի շրջանակում։