ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.07.2021
Կստեղծվի Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշման հավելվածի 4.8-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 90.3-րդ կետի, և Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրի դրույթներով ստանձնած պարտավորությունների՝
Ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):
 Հաստատել`
 խորհրդի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
 խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
 Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարին՝
 3-ամսյա ժամկետում հաստատել խորհրդի անհատական կազմը.
 խորհրդի գործունեության մասնագիտական և փորձագիտական աշխատանքներն ապահովելու նպատակով 3-ամսյա ժամկետում ստեղծել միջգերատեսչական մշտական աշխատանքային խմբեր, հաստատել դրանց կազմերը և աշխատակարգերը:
 Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan-ին՝ 1-ամսյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության՝ խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում:
  Խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարին տեղեկացնել խորհրդում իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
 Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 955-Ա որոշումը:
https://bit.ly/3hFID5z 
https://bit.ly/3qOksGc