ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.10.2021
Կառավարության նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախ և առաջ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունմամբ, որի կարգավորման առարկան ընդլայնվել է և ներառել հիդրոֆտորածխածինները, որոնք ջերմոցային գազեր են: 
Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում: Այս նպատակով ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների՝ օրենքով սահմանված պարտականությունների պատշաճ իրականացման, ինչպես նաև լիազոր պետական մարմնի գործառույթների իրականացման համար Կառավարության կողմից հաստատվում է կարգ՝ ըստ որի իրականացվելու է տնտեսավարողների կողմից ներկայացված հաշվետվությունների հաշվառում: 
Միաժամանակ, նախագծի ընդունման պարագայում անհրաժեշտություն է առաջանում  2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների հաշվառման կարգը հաստատելու մասին» N1565-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,  համաձայն որի լիազոր մարմինը հաշվառում է օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին տարեկան հաշվետվությունը: 
Այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից։ Ուստի անհրաժեշտ է ապահովել ոլորտի նոր իրավակարգավորումներ՝ ոլորտային նշանակության կառուցակարգերն արդյունավետորեն գործարկելու համար: 
Կարգավորումը հնարավորություն կընձեռի էլ ավելի արդյունավետորեն իրականացնել միջազգային պարտավորությունները և ապահովել հասարակական հարաբերությունների արդյունավետ իրավակարգավորումը: