ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.04.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը «Կանաչ ֆինանսավորում. ֆինասնական նորարարական մեխանիզմներ» թեմայով հանդիպում է անցկացրել

Գլոբալ մարտահրավերներին դիմակայելու, ռազմավարական առաջնայնությունների վերաբերյալ համընդհանուր ընկալման ձևավորման և աշխատանքների համակարգման արդյունավետության բարձրացման  նպատակով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը միջազգային գործընկերների հետ «Կանաչ ֆինանսավորում. ֆինասնական նորարարական մեխանիզմներ» թեմայով հանդիպում է անցկացրել։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության շրջակա միջավայրի ծրագրերի պատասխանատու Անդրեա Բաջոլին, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի (ADB) ծրագրերի ավագ կառավարիչ Վարդան Կարապետյանը, ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության ծրագրերի համակարգող Հովհաննես Ղազարյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցչության (EBRD) ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարություններից, շահագրգիռ անձինք։
Ողջունելով գործընկերներին, նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում միջազգային գործընկերների աջակցությունը բնապահպանական խնդիրների լուծման նորարարական գործիքակազմի առաջխաղացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ կողմից իրականացվող Կանաչ ֆինանսների տրամադրման գործընթացները կլիմայական օրակարգի ապահովման նպատակով, ինչպես նաև հետքովիդյան վերականգնման  համատեքստում  անցումը Էներգաարդյունավետության հիմնական սկզբունքներին  և  էներգադիմացկունությանն  ուղղված ծրագրերին։
Անդրադարձ է կատարվել Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո ՄԱԶԾ կողմից իրականացված  Կլիմայական հանրային ծախսերի և ինստիտուցիոնալ ուսումնասիրություն կլիմայական նորորարական գործիքներին։
Քննարկվել է Կանաչ դասակարգման կարևորությունը և ներկայացվել են մյուս դոնորների աջակցությամբ ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կարևորել է նմանատիպ հանդիպումների պարբերաբար անցկացումը ծրագրերի կրկնողություններից խուսափելու և գոհացնող արդյունքի հասնելու համար։