ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2021
Պատասխանատվություն է սահմանվում ջրային ռեսուրսները ճիշտ չօգտագործելու համար

Ազգային ժողովում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն սահմանվել է վարչական պատասխանատվություն տարափային(հեղեղային) ջրահեռացման և/կամ ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային (հեղեղային) և ցամաքուրդային (դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և/կամ ցամաքուրդային (դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման համար: 
Նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանվել է վարչական պատասխանատվություն Սևանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցները արդյունագործական որսի համար նախատեսված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք և ելք իրականացնելու, ինչպես նաև հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելու և լողամիջոցները լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում ափին մոտեցնելու կամ հեռացնելու համար։ Նախատեսված կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունն ապահովելն է, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: 
Նախագծի 4-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության և վարչական տույժեր նշանակելու հետ։