ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.12.2022
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին

Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Ողջունելով պարոն դեսպանին Շրջակա միջավայրի նախարարությունում ՝ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար․
«Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների մասնավորապես շրջակա միջավայրի ոլորտում  համագործակցությունը հաստատուն է և արդյունավետ։ 
Ճապոնիայի կառավարության օժանդակությունը թե՛ մասնագիտական կարողությունների զարգացման, թե՛ տեխնիկական աջակցության առումով շատ կարևոր է ու թիրախային»,-նշել է նախարարը։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել, որ Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է համագործակցելու և զարգացնելու համար օրենքի գերակայության գաղափարը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության ծրագրերին և այդ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Նախարարը մասնավորապես անդրադարձել է սնդիկի՝ որպես թափոն Հայաստանում վերամշակելու կամ վնասազերծելու հնարավորություներին և դրա իրագործման գործընթացում տեխնիկական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ Ճապոնիայի հետ համագործակցության հնարավորությանը։
Անդրադարձ է կատարվել Ճապոնիայի կառավարության կողմից հաստատված «Grant Assistance for Grassroots Human Security Projects (GGP)» ծրագրի շրջանակներում ներկայացված Լոռու մարզում անտառների վերականգնման նպատակով ջերմոցների և հակակարկտային ցանցի ստեղծման վերաբերյալ դրամաշնորհային ծրագրի  պայմանագրին, որի շրջանակում «Իմ անտառ Հայաստան» ԲՀԿ-ն կառուցելու է 506քմ տարածքով անտառային տնկիների ջերմոց Գուգարքում տնկարանի տարածքում, ինչպես նաև տեղադրելու է հակակարկտային ցանց նույն տնկարանի 6600քմ տարածքի վրա։
Քննարկվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից Շրջակա միջավայրի նախարարության (ի դեմս «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի), ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրին, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։
Քննարկվել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության հետ համագործակցության խթանումը՝ նպատակ ունենալով ուսումնասիրել, տեղայնացնել և ներդնել ճապոնական գործնական փորձը կապված հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների, վաղ նախազգուշացման համակարգերի և ռիսկերի մոդելավորման մասով։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել հանդիպումները և քննարկումները՝ զուգորդված ավելի առարկայական գործընթացներով։
Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը պարոն դեսպանին  է նվիրել «Կովկասյան ընձառյուծի» արծաթե հուշադրամ՝ ի երախտագիտություն շրջակա միջավայրի ոլորտում արդյունավետ համագործակցության։