ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.07.2022
«Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպում

«Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջաղեի հետ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հյուրընկալության համար և կարևորել տարածաշրջանում բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված համաժողովի կազմակերպումը։
«Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և մեր փոխգործակցության արդյունքում տարբեր ոլորտներում արդեն իսկ գրանցել ենք նշանակալի արդյունքներ։ Իսկ շրջակա միջավայրի ոլորտում մեր համագործակցությունը զարգանում է բավականին դինամիկ և օգտավետ»,-նշել է նախարարը։
Խոսելով հայ-իրանական արդյունավետ համագործակցության փորձի մասին՝ նախարարն անդրադարձել է նաև Երևանում կայացած Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ կնքված փոխըմբռնման հուշագրին, որով կողմերն արձանագրել են առևտրի, արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:
Կողմերն առավել մանրամասն քննարկել են հուշագրով սահմանված պահանջներին համապատասխան համագործակցության քայլերը։
Անդրադարձ է կատարվել  Արաքս Սահմանային գետի վերաբերյալ վերջին ամիսների արդյունավետ համատեղ աշխատանքին։ Նախարարը հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել շարունակել համագործակցությունը խնդիրների լուծման ուղղությամբ և հույս հայտնել, որ այդ փոխգործակցության արդյունքում առաջիկայում առավել տեսանելի արդյունքներ կգրանցվեն։
Քննարկվել են ոլորտին առնչվող այլ ընթացիկ հարցեր։
Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հրավերի ու ընդունելության համար և գործընկերներին հրավիրել Հայաստան՝ հույս հայտնելով, որ փոխայցելությունները կխթանեն առավել արդյունավետ համագործակցությունը և կօգնեն կյանքի կոչել ձեռքբերված պայմանավորվածությունները։