ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.04.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հարմարվողականության հիմնադրամի մշտադիտարկման առաքելության պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հարմարվողականության հիմնադրամի մշտադիտարկման առաքելության պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եսոյանը:
Հադիպման նպատակն էր «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքներին ծանոթանալը, հաջողված փորձի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելը, վերլուծելը և այն հիմնադրամի շրջանակներում տարածելը։
Ողջունելով պատվիրակության անդամներին, նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է  Հարմարվողականության հիմնադրամի հետ համագործակցությանը՝ այն որակելով արդյունավետ և արդյունքահեն։
«Մենք բարձր ենք գնահատում Հիմնադրամի հետ մեր համագործակցությունը և ուրախ ենք, որ Հայաստանում է ծրագրերի արդյունքների մշտադիտարկման խումբը։ Հուսամ իրականացվելիք մշտադիտարկման արդյունքում ևս կարձանագրվի ծրագրերի արդյունավետությունը և այդ արձանագրումը մեզ կօգնի հետագայում էլ ավելի ամրապնդել համագործակցությունը և նոր ծրագրեր նախաձեռնել, որոնք միտված կլինեն շրջակա միջավայրի ոլորտի կայացմանն ու զարգացմանը»,-նշել է նախարարը։
Նախարարն անդրադարձել է ոլորտի՝  ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին և դրանց սպասարկման օրակարգի շրջանակում հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերին։ Նշվել  են մասնավորապես «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում», «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» և «Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմավողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» ծրագրերը։
Հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ կարևորել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումների և ծրագրերի  իրականացումը։