ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.04.2023
Ամփոփվել են Հարմարվողականության հիմնադրամի մշտադիտարկման առաքելության արդյունքները

Ապրիլի 3-ից 7-ը Հայաստանում էր Հարմարվողականության հիմնադրամի մշտադիտարկման առաքելությունը (պատվիրակության անդամներ՝ Մահամաթ Ասույուտի, Մարտինա Դորիգո, Ալիսա Գոմես)՝ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքներին ծանոթանալու, հաջողված փորձի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու, վերլուծելու, գնահատելու և հիմնադրամի շրջանակներում տարածելու նպատակով։
Հիմնադրամի խորհրդի որոշման համաձայն՝ այցի շրջանակներում ուսումնասիրվել են «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվող երեք ծրագրերը.
«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում», 
«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում», 
«Ապագա առաջնորդների ներգրավում. երիտասարդների համար հարմավողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում»։ 
Հնգօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամները 
Հանդիպում են ունեցել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ, ներկայացրել իրականացվող ծրագրերի արդյունքները, հաջողված փորձը։ Նախարարը կարևորել է ծրագրերի արդյունավետությունը, որը կամրապնդի հետագա համագործակցությունը՝ ի նպաստ շրջակա միջավայրի ոլորտի կայացման ու զարգացման,
«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել շահառուների հետ,
Հանդիպում են ունեցել Շիրակի փոխմարզպետի հետ՝ ներկայացնելու մարզում ծրագրի ընթացքը՝ քննարկելու հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները,
«Հայաստանի ԲՀՊՏ-ներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում  հանդիպումներ են ունեցել շահառուների հետ,
Հանդիպում են ունեցել Վեդի համայնքի ղեկավարի հետ՝ քննարկելու համայնքում հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված աշխատանքներն ու հետագա համագործակցության հնարավորությունները,
Դիլիջանում մասնակից են եղել «Ապագա առաջնորդների ներգրավում. երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» ծրագրի շրջանակում ստեղծված էկոկրթական մոդուլի ներկայացմանն ու փորձարկմանը,
Դիլիջանում այցելել են «Հայաստանի ԲՀՊՏ-ներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի տարածք, հանդիպում ու հարցազրույցներ ունեցել շահառուների՝ դաշտային դպրոցի,  ջերմոցների, չորանոցների, ոռոգման համակարգերի շահառուների, կապալառուների հետ։
Պատվիրակության կողմից մշտադիտարկման առաքելության արդյունքները կգնահատվեն առաջիկայում՝ դրանց ամփոփումից հետո։ Ծրագրի հաջող իրականացումը նոր ծրագրերի ֆինանսավորման հնարավորություն կտա։