ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.11.2021
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը Գլազգոյում կայացած COP26-ի շրջանակում հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակությանը. քննարկվել են համագործակցության հնարավոր ձևաչափեր

Հանդիպման ընթացքում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներն  Ինդոնեզիայի Շրջակա միջավայրի և անտառային տնտեսության նախարարության գործընկերների հետ քննարկել են երկրների առջև ծառացած բնապահպանական մի շարք խնդիրներ։
Փոխնախարար Աննա Մազմանյանը գործընկերներին է ներկայացրել Հայաստանում շրջակա միջավայրի կառավարման ոլորտի առանձնահատկությունները, անդրադարձել ՀՀ կառավարության առաջնահերթություններին շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում։ 
Աննա Մազմայնաը խոսել է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային և ջրային ռեսուրսների մասին։
Փոխնախարարը գործընկերներին տեղեկացրել է , որ Հայաստանը հետաքրքրված է անտառամերձ համայնքների բնակչության զբաղվածության և սոցիալական խնդիրը լուծելու և դրանով իսկ բնության վրա ճնշումը մեղմելու միջազգային գործիքակազմով։
Փոխնախարարը գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ մասնավորապես Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելություն կատարելու և ցանկություն հայտնել ավելի սերտ համագործակցության ու փոխադարձ այցերի միջոցով փորձի փոխանակում իրականացնել։ Աննա Մազմանյանը հանդես է եկել «միասնական ազգային պարկ»-ի նախագիծ իրականացնելու առաջարկով։
Ինդոնեզիայի պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց երկրի բնության հատուկ պահպանվող տարածքները. երկրում  կա 54 ազգային պարկ։ Ընդհանուր պահպանվող տարածքը կազմում է Ինդոնեզիայի ցամաքի ավելի քան 15%-ը, որը ներառում է նաև 6700 գյուղ:
Այս առումով երկիրը հետաքրիր փորձ ունի՝ հավասարակշռել սոցիալական և բնապահպանական շահը։ Այստեղ կառավարությունը սերտորեն համագործակցում է անտառամերձ համայնքների բնակիչների հետ, նրանց տալիս որոշակի արտոնություններ, նաև արտոնություններ պահպանվող տարածքների բնական ռեսուրսներից օգտվելու, ինչ էլ օգնում է խուսափել ապրինի գործունեությունից։
Ինդոնեզիայի Շրջակա միջավայրի և անտառային տնտեսության նախարարության ներկայացուցիչները ողջունել են միասնական ազգային պարկի ծրագրի գաղափարը։