ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.07.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Թբիլիսիում կայացած ԳԷՀ «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Թբիլիսիում կայացած Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կողմից կազմակերպված ԳԷՀ «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպմանը, որտեղ քննարկվել են ծրագրի տարածաշրջանային և ազգային բաղադրիչները, ներկայացվել են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի ՏԲԿ-ի համագործակցության արդյունքները, «Հայաստանի անտառների և հողերի ինտերակտիվ ատլասը»։ 
Նախարարի տեղակալը հանդես է եկել բացման խոսքով։
Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նման կարևոր հարթակ ստեղծելու համար և խոսել կլիմայի փոփոխության, անտառների ու կենսաբազմազանության պահպանման և ճշգրիտ քարտեզագրման վերաբերյալ՝ նշելով Կովկասի ՏԲԿ և նախարարության համատեղ ծրագրի իրականացման կարևորությունը 10 մլն ծառատունկի իրականացման առումով։ 
«Հայաստանի Հանրապետությունը լեռնային, կլիմայապես խոցելի և քիչ անտառածածկույթ ունեցող երկիր է։ Երկիրը բախվում է զգալի կլիմայական վտանգների, մասնավորապես, եղանակային ծայրահեղ իրադարձությունների հաճախականության և դրանց հետևանքների հետ: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի նաև իր անտառների շնորհիվ նվազեցնել նման աղետների ռիսկերը և այդ իսկ պատճառով անտառների ու հողերի դեգրադացիայի կանխարգելմանն ուղղված ջանքերը, մոնիթորինգի և GIS քարտեզագրման տվյալների առկայությունը՝ անտառտնտեսության և հողերի դեգրադացիայի ոլորտում նպատակահարմար գործողություններ իրականացնելու համար մեզ համար չափազանց կարևոր է»,-նշել է նախարարի տեղակալը և անդրադաձել  «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» ծրագրին։ Կողմերը քննարկել են  ծրագրի շարունակականության հնարավորությունները։
Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է նաև անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաև մեր երկրի ստանձնած պարտավորութուններին։