ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.04.2023
Հանդիսավոր նիստ՝ նվիրված երկրաբանի օրվան

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա կառույցների ղեկավարներ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում մասնակցել են երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր նիստին։
Նիստին մասնակցել են ոլորտը ներկայացնող գերատեսչությունների և գիտական կենտրոնների ներկայացուցիչներ։
2004 թվականից ապրիլ ամսվա առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր , ինչը խորհրդանշում է երկրաբանական արշավների և դաշտային աշխատանքների սկիզբը: (3 հունիսի 2004 թվականի N 936-Ն ՀՀ կառավարության որոշում):
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Շնորհավորելով երկրաբաններին և երկրաբանության ոլորտի ներկայացուցիչներին, նախարարի տեղակալն անդրադարձել է ոլորտի կարևորությանը․
«Երկրաբանությունը ոչ միայն գիտություն է, այլ նաև շրջակա միջավայրի ուսումնասիրության և զարգացման գլխավոր ու առանցքային գործիք։ Երկրաբանությունը թույլ է տալիս մեզ տեսնել Երկրի պատմությունը և գնահատել նրա երկրաբանական գործընթացները, որոնք հսկայական ազդեցություն են գործում մեր կյանքի և շրջակա միջավայրի վրա: Երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր, ուսումնասիրում են ընդերքի ռեսուրսները, մշակում էներգիայի արդյունահանման և օգտագործման կայուն և արդյունավետ ուղիներ, ստեղծում տեղանքի և երկրաբանական քարտեզներ՝ օգնելով խուսափել բնական աղետներից և ստեղծել ավելի լավ միջավայր մեր կյանքի համար: Այս օրը մենք պետք է ևս մեկ անգամ հիշենք երկրաբանի աշխատանքի կարևորության մասին և թե ինչպես է այն ազդում մեր կյանքի որակի վրա: Այսօր մենք պետք է խոսենք մեր մասնագիտության ձեռքբերումներից և ապագա մարտահրավերներից»,-նշել է Տիգրան Գաբրիելյանը։ 
Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է նաև ոլորտի քաղաքականությանը․
«Բնության կողմից տրված ընդերքի անգնահատելի հարստությունը թույլ է տալիս լուծել սոցիալ-տնտեսական և ռեկրեացիոն բնույթի բազմաթիվ սուր խնդիրներ։Սակայն այս համատեքստում չափազանց կարևոր է նաև այդ ձեռքբերումները հավասարակշռել բնապահպանական շահի հետ։
Այս առումով ընդերքի արդյունավետ օգտագործումը և ընդերքի օգտագործման ոլորտում կայուն քաղաքականության ապահովումը հանդիսանում է շրջակա միջավայրի ոլորտում պետական քաղաքականության սկզբունքորեն կարևոր ուղղություն։ Այդ հավասարակշռության ապահովման ճանապարհին մենք շատ անելիք ունենք՝ մասնագիտական որակների զարգացումից մինչև ժամանակակից տեխնոլոգիաների ու ընդերքի արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրում»։