ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.01.2023
ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն

Անտառային ոլորտի խնդիրների շուրջ քննարկում հասարակական կազմակերպությունների հետ:
Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2023 թվականի հունվարի 4-ին Շրջակա միջավայրի նախարարությունում կայացած արտագնա խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի կարևորությունը և անտառային ոլորտում Կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման աշխատանքներում գործընկեր կազմակերպությունների հետ երկխոսությունը և համագործակցությունը՝  անտառածածկ տարածքների ընդլայնման, անտառվերականգնման և անտառապատման ոլորտում ընթացող գործողությունները և դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով նախարարությունում ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն։
Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, Անտառային կոմիտեի ղեկավարի տեղակալ Սերգո Աթանեսյանը և ‹‹Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ›› ՊՀ-ի տնօրենի տեղակալ Արմեն Խոջոյանը։
Ողջունելով կազմակերպությունների ներկայացուցիչներին, անտառային կոմիտեի նախագահը նախ շնորհակալություն է հայտնել նրանց տարիներ շարունակ բարեխղճորեն կատարած աշխատանքի համար և տեղեկացրել, որ այս տարի նախատեսվում է մեծացնել հանրապետությունում անտառպատման աշխատանքների ծավալը։  
Վլադիմիր Կիրակոսյանը խնդրել է առարկայական և բաց քննարկման միջոցով ներկայացնել անտառպատման աշխատանքներին խոչընդոտող հարցերը և փորձել համատեղ ուժերով դրանց լուծումներ գտնել։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անտառածածկ տարածքների ավելացման Հայաստանի հանրապետության ստանձնած պարտավորությանը և անտառպատման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով բավարար քանակի տնկիների արտադրության խնդրին։
Ամփոփելով հանդիպումը, Անտառային կոմիտեի ղեկավարը փաստել է, որ այս ուղղությամբ շատ անելիք կա. պետք է միավորել պետական, մասնավոր և հանրային ջանքերը, որպեսզի կենսական կարևորության այս ոլորտուն նշանակալի առաջընթաց գրանցվի։