ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.06.2024
Հանրապետությունում հունիսը ևս տեղումնառատ է լինելու, առանձին հատվածներում սպասվում է կարկուտ

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը անդրադարձել են հունիս ամսվա կլիմայական բնութագրին։
Հանրապետության ամբողջ տարածքում հունիսին տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելին, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։
«Երբ ասում ենք, որ սպասվում են նորմայից ավելի տեղումներ, դա չի նշանակում, որ հանրապետությունում տեղալու են այնպիսի անձրևներ, ինչպիսին եղան մայիսին։ Իհարկե, հանրապետության հյուսիսային շրջաններում առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչը մենք ունեցանք մայիս ամսվա ընթացքում»,-նշել է Գագիկ Սուրենյանը։ 
Անդրադառնալով առաջիկա օրերին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունիսի 5-6-ը հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ից սկսած հանրապետության տարածք կներթափանցի Սև ծովից եկող հերթական ցիկլոնը, որը բավական ակտիվ է լինելու։ Հունիսի 7-ին տեղումներ սպասվում են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում։ 
Հունիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում արդեն հանրապետության ամբողջ տարածքը կլինի ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին հատվածներում կլինեն առատ տեղումներ, սպասվում է նաև կարկուտ։
Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=fLqcSVi-Sqc