ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.09.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Փարիզում կայացած «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» հանդիպմանը բարձրաձայնել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը  Փարիզում կայացած «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) Կանաչ տնտեսություն տարածաշրջանային վեհաժողովի չորրորդ հանդիպմանը բարձրաձայնել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ։
Իր ելույթի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից հրետանու և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Հայաստանի արևելյան և հարավարևելյան շրջանների ուղղությամբ իրականացված լայնածավալ հարձակմանը։
Գայանե Գաբրիելյանը համաժողովին մասնակիցներին տեղեկացրել է, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը։ Տվյալ տարածքում անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը` հանգեցնելով հողերի դեգրադացմանը: Այս տարածքներում աճող բույսերը (գիհի կազակական, տանձի մի քանի տեսակներ և այլն) և ապրող կենդանիներ (հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ և այլն) գրանցված են Կարմիր գրքում:
Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա են եղել Արևելյան գործընկեր երկրների շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարությունների ազգային համակարգողները, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչները, ԵՄ անդամ պետությունները, քաղաքացիական հասարակությունն ու EU4Environment իրականացնող գործընկերները (OECD, UNECE, UNEP, UNIDO) և Համաշխարհային բանկը։