ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.06.2024
Բնապահպանական իրազեկման արշավ նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան

8000 կտորե տոպրակ տրամադրվեց քաղաքացիներին՝ բնապահպանական իրազեկման արշավ նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան
Հունիսի 5-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի օր։
Օրը նշելու նպատակներից է համախմբել հանրային և մասնավոր հատվածի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ համատեղ պատասխանատվություն ստանձնելով և համատեղ ջանքերով պահպանելու շրջակա միջավայրը։
Օրվա խորհրդի համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպել էր բնապահպանական իրազեկման արշավ։ 
Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով  Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից «Թափոնների կառավարման և վերամշակման խթանում՝ բազմակի օգտագործման պայուսակների մասսայականացման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք բերված կտորից պայուսակներից  8000 հատը արշավի շրջանակներում` կամավորներ ք. Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի և նախարարության ներկայացուցիչների կողմից անվճար տրամադրվել են քաղաքացիներին։
Արշավն իրականացվել է  Արթիկ, Էջմիածին և Աբովյան քաղաքներում։ 
Սա ևս մեկ քայլ էր երկրում մեկանգամյա պլաստիկ արտադրանքի լայն թիրախային խմբի գործածության աստիճանական նվազեցման, ու դրա հետևանքով պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, ինչը կբերի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։