ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.06.2022
Շրջակա միջավայրի օրը «Դիլիջան» ազգային պարկում նշանավորվեց էկոկրթական միջոցառմամբ

«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ում գեղեցիկ բնապահպանական, էկոկրթական միջոցառմամբ ամփոփվեցին «Շրջակա միջավայրն առանց պլաստիկի» մրցույթի արդյունքները։
Կենտրոնի այցելուների և միջոցառման հյուրերի համար կազմակերպվել էր «Շրջակա միջավայրն առանց պլաստիկի» խորագրով նկարների և թափոնարվեստի ցուցադրություն։ 
Օրվա առթիվ շնորհավորական ուղերձներով և ողջույնի խոսքով  հանդես եկան «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը։
«Նայելով երեխաների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներին և նկարներին, և առհասարակ մանկական այս վարքագիծը բնության նկատմամբ, լցվում ենք մեծ հույսով, որ ապագայում բնության պահպանությունն ամուր ձեռքերում է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ուսուցիչներին և մասնագետներին, ովքեր պատասխանատուն են ձեր աչքերում երևացող բնության  պահպանությանը միտված ջանքերի։ 
Միայն էկոլոգիական կրթության որակի բարելավմանը, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, հասարակության էկոլոգիական գիտակցության ձևավորմանն ուղղված քայլերը կարող են ապահովել անհատների և հասարակության գործունեության բոլոր ձևերում պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ` բարելավելով կյանքի որակը և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը»,-նշել է Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։
Միջոցառման տոնական մասի ավարտից հետո մրցույթի մասնակից երեխաներին տրվել են պատվոգրեր և խրախուսական նվերներ։