ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.02.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը: 
Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհավորել է  Պետր Պիրունչիկին նշանակման կապակցությամբ և անդրադարձել  հայ-չեխական միջկառավարական հարաբերություններին և մասնավորապես շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությանը՝ դրանք որակելով հարուստ օրակարգային և արդյունավետ։
Նախարարը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կակտիվանա համագործակցությունը շրջակա միջավայրի ոլորտում։
Այդ համատեքստում նախարարն անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության վերաբերյալ ստորագրված երեք հուշագրերին և ընթացիկ ծրագրերին։
Քննարկվել է մասնավորապես՝
- Սևանա լճում կենսապաշարի հաշվառման և ուսումնասիրության հնարավոր տարբերակներ,
- COP29-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հնարավորություններ,
- Անտառային հրդեհների դեմ պայքար,
- Կոշտ կենցաղային թափոնների վերամշակման հնարավորություններ։
Դեսպանի հետ քննարկվել են յուրաքանչյուրի մասով իրականացված քայլերը, օրենսդրական բարեփոխումները և պայմանավորվածություն է ձեռք բերվել  խորացնել համագործակցությունն՝ առավել առարկայական աջակցության ակնկալիքով։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, ԵՄ ֆինանսավորմամբ  Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի Հանրապետության կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» երկամյա թվինինգ ծրագիրը։ Թվինինգ Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ-ԵՄ համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների իրականացմանը՝ կենսաբազմազանության պահպանության և հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման ոլորտում՝ նախանշելով նոր օրենսդրական շրջանակ։ 
Կողմերը պայմանավորվել են գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ օր առաջ ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու համար։