ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.11.2022
Մամուլի ասուլիսով ամփոփվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովին ՀՀ պատվիրակության մասնակցությունը

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի է ունեցել  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի, նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանի, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի և Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացմանն աջակցող, փորձագետ Հայրապետ Հակոբյանի մամուլի ասուլիսը:
Նոյեմբերի 6-18-ը Շարմ էլ Շեյխում կայացել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրների ազգային պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այդ թվում նաև պատվիրակություն Հայաստանի Հանրապետությունից։ 
Քննարկվել են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգային խնդիրներ։ Պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որտեղ ներկայացրել են իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը բնապահպանության, բնական ռեսուրսների կառավարման ուղղությամբ։
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ այս համաժողովին հավանության է արժանացել մի նախաձեռնություն, որը շատ կարևոր է զարգացող երկրների համար: Խոսքը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված երկրների կրած վնասները, կորուստները վերականգնելու գործում ֆինանսական աջակցություն տրամադրող միջազգային հիմնադրամ ստեղծելու մասին է: 
«Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար: Մեր երկիրը նախ կարող է դիմել և լինել որպես տնօրենների խորհրդի անդամ: Բացի դրանից, հնարավորություն ստանալ օգտվել ֆինանսական աջակցությունից կլիմայի փոփոխության բացասական հետևանքները մեղմելու համար: Այսինքն՝ ունենում ենք լրացուցիչ միջոցներ»,-ասել է Գայանե Գաբրիելյանը:
Մինչ այդ, մեր երկիրը տեղական մակարդակում պետք է հստակեցնի կորուստները, վնասները: Դրանք կարող են վերաբերել գյուղատնտեսությանը, մասնավորապես, հողերի դեգրադացմանը, բնության հուշարձաններին, որոնք վնաս են կրում կլիմայի փոփոխության ազդեցություններից:
Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև 
https://www.youtube.com/watch?v=9rzu49P7Nbw