ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է շրջակա միջավայրի բյուջետային հայտը

Ներկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հայտը. նախարարությունը 2023 թվականին կիրականացնի 6 ծրագիր, 30 միջոցառում
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավակային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է շրջակա միջավայրի բյուջետային հայտը:
Շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թվականին կիրականացնի 6 ծրագիր, 30 միջոցառում: 2023 թվականի բյուջետային նախագծով ֆինանսավորման ծավալը կկազմի 8 մլրդ 142 մլն դրամ, որը 2022 թվականի 6 մլրդ 771 մլն դրամից ավելի է 20,2 տոկոսով:
 30 միջոցառումից 6-ը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ մոնիթորինգ» ծրագրի շրջանակում գործող միջոցառումներն են:
2022 թվականի հաստատված պետական բյուջեի համեմատ՝ նախարարության պահպանման ծախսերն ավելացել են 17,5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է 2023 թվականի հունվարի մեկից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացմամբ: 7,2 մլն դրամով նախատեսվում է ձեռք բերել համակարգչային տեխնիկա եւ գույք, 2,5 մլն դրամ էլ կուղղվի հատուկ սարքավորումների ձեռքբերմանը:
 «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում» ծրագրով 602 մլն դրամի տրամադրում է նախատեսվում․ 9 ազդակիր համայնք դիմել են սուբվենցիոն ծրագրերի համար:
«Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրին կուղղվի 1 մլրդ 304 մլն դրամ, ինչը 6 ազգային պարկերի պահպանման ծախսերն են: 
«Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման համար նախատեսված է 15 մլն դրամ: Նախորդ տավա համեմատ՝ հատկացումը գրեթե կրկնակի ավելացել է:
 Սևանա լճի ջրածածկ անտառտնկարների մաքրմանն ուղղված միջոցառման իրականացման համար հատկացում կլինի 118 մլն դրամի չափով: 
Նախարարը տեղեկացրել է, որ միջոցառման շրջանակում մաքրման աշխատանքների մասով առկա խնդիրները պայմանավորված են նախկինում կազմված նախագծահաշվային փաստաթղթերի հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանություններով:
«Որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների հաշվառում» միջոցառման համար նախատեսված է 4 մլն դրամ: Միջազգային պարտավորություններին ուղղված ծրագրով կհատկացվի 7 մլն դրամ: Անտառների կառավարում ծրագրով իրականացվող միջոցառումների համար նախատեսվում է 2 մլրդ 679 մլն դրամի տրամադրում:
Հայաստանի բնության պետական թանգարանի և Երեւանի քաղաքապետարանի կենդանաբանական այգու պահպանմանն ուղղված միջոցառման համար նախատեսված հատկացումը 350 մլն դրամ է: