ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.08.2022
«Սևծովյան ավազանի երկրների համար շրջակա միջավայրի պահպանման միասնական մոնիտորինգի ծրագրի» ավարտական հանդիպում-ասուլիս

Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող BSB 884 «Սևծովյան ավազանի երկրների համար շրջակա միջավայրի պահպանման միասնական մոնիտորինգի ծրագրի» ավարտական հանդիպում-ասուլիսին։
Ծրագիրն ընդգրկում է Բուլղարիայի «Ստրանջա» ազգային պարկը, Ռումինայի Դանուբ Դելտայի «Բիո ռեզերվ» համալիրը, Հայաստանի «Դիլիջան» ազգային պարկը և Վրաստանի պահպանվող տարածքների մի մասը։ Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել շրջակա միջավայրի մոնիտորինգի միջսահմանային համատեղելի տվյալների և տեղեկատվության մատչելիության մակարդակը, Սևծովյան Ավազանի ազգային պարկերում և հատուկ պահպանվող տարածքներում։
Նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը էկոհամակարգերի և  կենսաբազմազանության վրա․
«Հայաստանի Հանրապետությունում նույնպես շրջակա միջավայրի ոլորտում մենք  բախվում ենք բացասական հետևանք թողնող բազմագործոն ազդեցությունների հետ, այդ իսկ պատճառով խիստ կարիք կա էկոհամակարգերի մոնիթորինգի իրականացման։
Եվրամիության կողմից ֆինանասավորվող BSB 884 «Սևծովյան ավազանի երկրների համար Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիտորինգի» ծրագիրը հնարավորություն է տվել հետազոտողներին ուսումնասիրել ջրի, օդի, կենսաբազմազանության, կարմիր գրքային և ինվազիվ տեսակների տվյալները և մշակել ազգային պարկերի կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատման մեթոդաբանությունը և առաջարկվել են քայլեր՝ կենսբազամազանության հետագա պահպանության համար։ 
Ողջունելի է, որ ծրագիրը իրականացվել է Սևծովյան տարածաշրջանի մի շարք երկրների հետ, որոնց հետ համագործակցությունը, վստահ եմ, լավ հնարավորություններ է ստեղծել համատեղ ուսումնասիրությունների, փորձի փոխանակման տեսանկյունից»,-նշել է նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ ստացված արդյունքներն օգտակար կլինեն ոչ միայն «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ուսումնասիրություններ իրականացնելիս, այլ նաև կօգնեն իրականացնել նմանօրինակ աշխատանքներ բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում։