ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.10.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ներկայացվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները

Օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի վնասակար նյութերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում 1994 թ. -ից ի վեր առաջին անգամ է կատարվում փոփոխություն: Այս պահին փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորությամբ, այլև արդիականացման անհրաժեշտությամբ. հայտնել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում՝ ներկայացնելով վերոնշյալ օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները:
Օրենքը հիմնովին լրամշակվել է: Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում օդի որակի գնահատման համար: Ավելացվել են նաև դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման և այլնի հետ:
Օրենսդրական փաթեթով վարչական պատասխանատվություն է նախատեսվում արտադրության կամ սպառման թափոնները թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում այրելու համար:
Օրենսդրական կարգավորմամբ կներդաշնակեցվեն աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշները, արտանետումների սահմանափակման նպատակով և զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը: Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության կառավարումը, եւ կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը:
Նախարարի տեղակալի  խոսքով, փաթեթի ընդունումը կնպաստի վնասակար նյութերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը և անվտանգության ապահովմանը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: