ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.04.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արարատյան դաշտի խորքային հորերի հաշվառման, ապօրինի ջրօգտագործման հայտնաբերման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արարատյան դաշտի (Արարատի և Արմավիրի մարզերի) խորքային հորերի հաշվառման, ապօրինի ջրօգտագործման հայտնաբերման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպում։
Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ ջրավազանային տարածքային կառավարման բաժիններից և շահագրգիռ գերատեսչություններից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, մարզպետարաններ։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ներկայության համար և կարևորել հատկապես խոշորացված համայնքներից պատասխանատուների ներկայությունը հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային խմբի  գործունեության  վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր։
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրել է, որ խմբի գործունեության շրջանակում Արարատյան դաշտի (Արարատի և Արմավիրի մարզերի) խորքային հորերի գույքագրման աշխատանքները պետք է կազմակերպել այնպես, որ յուրաքանչյուր հոր ունենա իր կոորդինատները, նկարագրությունը, որոնք հետագայում նախարարության կողմից ներառվելու են ջրային պետական կադաստրում։ 
Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման խնդրի հրատապությանը և հորդորել գործընկերներին միավորել ջանքերը՝ հաղթահարելու Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման մարտահրավերները։