ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.06.2023
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ուղերձը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ


«Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ»․ այս կարգախոսով այսօր նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը
Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր: Օրը նշվում է ամեն տարի և բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների համար միջոց է միջազգային հանրության ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա կենտրոնացնելու համար, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության համապատասխան գործողությունների նկատմամբ քաղաքական հետաքրքրությունը խթանելու համար:
Հարգելի՛ գործընկերներ, բնապահպանական հանրության սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս շրջակա միջավայրի և բնապահպանի օրվա առթիվ։ Սա այն օրն է, երբ մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք ավելի լավ հոգ տանել շրջակա միջավայրի մասին։
Այս օրը ցանկանում եմ կարևորել Ձեզնից յուրաքանչյուրի կատարած աշխատանքի դերն ու նշանակությունը արագ փոփոխվող ու բնապահպանական մարտահրավերներով լի աշխարհում։ Մեր առջև ծառացած բազում հիմնախնդիրների լուծման բանալին մեր բոլորի ձեռքում է։
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը հիանալի առիթ է վերահաստատելու, թե որքան կարևոր է շրջակա միջավայրը և ինչպես կարելի է այն դարձնել ավելի կանաչ, մաքուր ու առողջ, հոգ տանել բնության մասին, դրսևորել պատասխանատվություն՝ այն հետագա սերունդներին անխաթար փոխանցելու համար։ 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին տարիների ընթացքում իրականացրել է ծավալուն աշխատանքներ՝ համաշխարհային ու տեղական բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար։
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ բավականաչափ կարգավորվել է շրջակա միջավայրին վերաբերող օրենսդրական դաշտը։ Նախարարության աշխատանքներն ուղղվել են կենսառեսուրսների արդյունավետ կառավարմանը, անտառպահպանությանը, կենսաբազմազանության ու էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, բնության հանդեպ վերաբերմունքի վերարժեքավորմանն ու մեր հայրենակիցների մեջ պատասխանատու վարքի ձևավորմանն ու ամրապնդմանը։ 
Իրականացված աշխատանքների արդյունքներն իրենց ուշացնել չեն տա, եթե շրջակա միջավայրի պահպանության գաղափարը  իր հստակ տեղն ունենա մեր հասարակության արժեհամակարգում։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական օրվա առթիվ և կոչ անում գործուն քայլերի, քանի որ շրջակա միջավայրի պահպանությունը և հետագա սերունդներին դրա բնական վիճակով փոխանցելու գաղափարը հենց այսօր է և այստեղ։
2023 թվականին Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեմա է ընտրվել պլաստիկ աղտոտման դեմ մարդկության պայքարը և դրա կարևորությունը: Օրվա խորագիրն է «Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ»։
Այս համատեքստում ՀՀ Կառավարությունը շարունակում է օրենսդրական բարեփոխումները՝ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է արգելք սահմանել պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, ինչպես նաև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործման համար։
Պլաստիկ աղտոտվածության դեմ պայքարում, սակայն, միայն պետական գործիքակազմը բավարար չէ, բոլոր կարգավորումները կտան իրենց ցանկալի արդյունքը միայն այն դեպքում, երբ սպառողական վարքագծի փոփոխություն ունենանք։ 
Այս պայքարի շրջանակում և, ընդհանրապես, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնություններում մենք կարիք ունենք լայն հասարակական ներգրավվածության և անհատական մակարդակում յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության։