ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.12.2021
Ապօրինի հատված ծառեր տեղափոխելու և իրավապահների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածով 3 անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 3 անձ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
2021թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արծվաբերդի անտառպետության տարածքում փայտանյութով բեռնված, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մի քանի բնակիչներ խոչընդոտել էին նշված մեքենայի տեղափոխմանը, այնուհետև ՀՀ ոստիկանության ծառայողներին և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներին հայհոյելով, նրանց քաշքշելով, ինչպես նաև մեքենան տեղափոխող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով խոչընդոտել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողներին և անտառտնտեսության աշխատակիցներին:
Նրանցից մեկը ձերբակալվել է ապօրինի հատված ծառերից ստացված փայտանյութի տեղափոխման, իսկ երկուսը՝ իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության ծառայողների և անտառտնտեսության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: