ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2023
Քննարկումներ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել  ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին և կից օրենսդրական փաթեթին:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ստացվել են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է:
Նախագծի մշակումը և ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, ինչպես նաև օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրներից և առկա կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունից:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական էկոլոգիական գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, անդրսահմանային ազդեցության գնահատման, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության, հանրության ծանուցման, հանրային լսումների իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, ուժը կորցնելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, փորձաքննության եւ նախատեսվող գործունեության իրականացման գործընթացներում նախաձեռնողների իրավունքների ու պարտականությունների հետ կապված հարաբերությունները:
Լրամշակված փաթեթը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ժամանակ: