ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.04.2024
Երևանի Օրհուս կենտրոնում կայացել է քննարկում՝ Նուբարաշենի աղբավայրում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շրջանակում իրականացված կենսագազի կորզման ծրագրի և հետագայում նման ծրագրերի իրականացման հնարավորության մասին

Ապրիլի 4-ին, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ նախաձեռնությամբ, Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, Երևանի Օրհուս կենտրոնում կայացել է քննարկում՝ Նուբարաշենի աղբավայրում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շրջանակում իրականացված կենսագազի կորզման ծրագրի և հետագայում նման ծրագրերի իրականացման հնարավորության մասին։ 
Քննարկմանը մասնակցել են նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, հասարակական կազմեկարպությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Երևանի կոշտ կենցաղային թափոնների (Նուբարաշենի) աղբավայրում կենսագազի կորզման ու էլեկտրաէներգիայի արտադրություն» ծրագիրն իրականացվել է Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմով (ՄԶՄ)։ Չնայած Հայաստանն այդ արձանագրության շրջանակում ջերմոցային գազերի կրճատման քանակական պարտավորություններ չի ունեցել, այնուհանդերձ որոշել է մասնակցություն ունենալ միջազգային գործընթացներին՝ Հայաստանի տարածքում իրենց արտանետումները կրճատելու հնարավորություն ընձեռելով զարգացած երկրներին։
Այս ծրագրի իրականացման գործում հսկայական ներուժ է դրվել։ Ծրագրի գործընկեր ճապոնական ընկերությունների ներկայացուցիչներն ամիսներ շարունակ հետազոտություններ են իրականացրել աղբավայրի տարածքում, չափել կենսագազի քանակը։ Ի սկզբանե կենսագազի կորզման համար ճապոնական կողմին հատկացված աղբավայրի 6,5 հա տարածքում հաշվարկվել է ավելի քան 800 հազար տոննա կենսագազի պոտենցիալ, բայց ծրագրի ավարտին կորզված կենսագազի քանակն ավելի քիչ է եղել․ 2016թ․ դրությամբ սերտիֆիկացվել է 208 հազար տոննա CO2-ին համարժեք ջերմոցային գազերի արտանետում։
Քննարկման մասնակիցները եկել են եզրահանգման, որ նոր աղբավայրին զուգահեռ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հին աղբավայրի փակման ուղղությամբ, որը կարելի է իրականացնել տարբեր գործընթացների շրջանակում, հատկապես, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է նաև մեթանի արտանետումների կրճատման համաշխարհային նախաձեռնությանը։ 
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը քննարկման մասնակիցներին ի պատասխան հավանություն է տվել, որ հարցը հնարավոր է դիտարկել նախաձեռնության շրջանակում, հատկապես, որ Երևանը ջերմոցային գազերի կրճատման պարտավորություն է ստանձնել։ Մյուս գործընթացը Երևանի Կանաչ քաղաք ծրագիրն է, որի նոր՝ մինչև 2030 թ․ ծրագրում ևս աղբավայրի խնդիրը դիտարկվելու է։
ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն էլ նշել է, որ նոր նախաձեռնություն կարելի է մեկնարկել Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի 6․4 կամ 6․2 կետերի շրջանակում։ Նա նաև առաջարկել է ջերմոցային գազերի կրճատումից զատ աղբավայրի էկոլոգիական հետևանքները։ 
«Խազեր» կազմակերպության փորձագետ Արամ Գաբրիելյանը վստահ է, որ հետադարձ հայացք նետելով նմանատիպ ծրագրերի անցած դժվարին ճանապարհին, վերլուծելով հաջողություններն ու խնդիրները, հնարավորություն է ստեղծվում նոր՝ առավել արդյունավետ ծրագրեր կազմելու համար։
Նա առաջարկել է նոր ծրագրերի նախագծումը դիտարկել ոչ միայն Կլիմայի փոփոխության, այլ նաև Օրհուսի կոնվենցիայի գործիքակազմի շրջանակում, քանի որ այս կոնվենցիան միակն է, որտեղ քաղհասարակությունը գերիշխող կողմ է։
Նման հանդիպումները կլինեն շարունակական՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերի լուծման համար շահագրգիռ կողմերի հետ համատեղ իրատեսական լուծումներ գտնելու միտումով։