ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.06.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Ստոկհոլմ+50» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված առաջնորդության երկխոսությանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Ստոկհոլմ+50» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված առաջնորդության երկխոսությանը:
Առաջնորդության երկխոսությունները կոչված են նպաստելու «Ստոկհոլմ+50»-ի արդյունքներին` տրամադրելով հստակ առաջարկներ և գործողությունների կոչեր բոլոր մակարդակներում: 
Երկխոսությունների նպատակն է համախմբել համաշխարհային հանրությունը՝ աջակցելու համագործակցության ամրապնդմանը և նոր թափ հաղորդելու նորարարական գործողությունների իրականացման ընթացքին։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ դիմադրողականության ապահովման գործընթացում շրջակա միջավայրի ոլորտում հարմարվողականության միջոցառումների իրականացման կարևորությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության՝ կանաչ ապագայի տեսլականին։
«Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է երկրի ընդհանուր տարածքի մոտ 11.2%-ը, ինչն Հայաստանը դարձնում է սակավ անտառածածկով երկիր։Մյուս կողմից, մեր երկիրը պարտավորություն է ստանձնել մինչև 2030 թվականը երկրի անտառածածկույթը հասցնել 12,9%-ի, ինչը նշանակում է, որ հազարավոր հեկտարներով նոր անտառներ կավելանան, և մենք արդեն սկսել ենք այդ գործընթացը։ Ավելին, Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է անտառային ազգային քաղաքականության և ռազմավարության նորացման գործընթաց, որը կարևոր գործիք է դառնալու Հայաստանի անտառների կառավաման գործընթացն առավել հեշտացնելու և անտառային ոլորտի շահերը այ ոլորտների շահերին համապատասխանեցնելու և ներդաշնակեցնելու համար»,-նշել է նախարարի տեղակալը։
Ամփոփելով իր ելույթը, Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել միանալու շրջակա միջավայրի պահպանությանն ու  բարելավմանն ուղղված համաշխարհային ջանքերին։