ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.04.2024
Շրջակա միջավայրի նախարարությունը և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր կնքեցին

Բնապահպանական խնդիրների շուրջ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և համատեղ ջանքերով էկոլոգիական վարքագծի ձևավորմանը նպաստելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր կնքեցին:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործում ընդհանուր նպատակների առկայությունը և փոխհամագործակցության կարևորությունը, ինչպես նաև նպատակ ունենալով աջակցել բնապահպանական խնդիրների լուծմանն ու նպաստել բնապահպանական խնդիրների շուրջ հանրության իրազեկվածության բարձրացմանը, Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի և «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունն ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities՝ ի դեմս ՀԿ նախագահ Մխիթար Ավետիսյանի, կնքել են համագործակցության հուշագիր։
Հուշագրով կողմերը պատրաստակամ են միավորել իրենց կարողությունները շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև Կողմերի կանոնադրական խնդիրներից և նպատակներից բխող ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության համար:
Հուշագրի շրջանակում համագործակցության հիմնական ուղղություններն են՝
-ֆորմալ և ոչ ֆորմալ էկոլոգիական կրթություն,
-թափոնների կառավարում և շրջանաձև տնտեսություն,
-մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության նվազում,
-հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը,
-էկոլոգիական գիտակցության ձևավորում, 
-բնական ռեսուրսների հանդեպ հանրային վերաբերմունքի ու վարքագծի փոփոխմանն ուղղված գործիքակազմի մշակում,
-Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող հիմնախնդիրների կանխարգելում, մեղմում և դրանց լուծմանն ուղղված գործիքակազմի մշակում ու կիրառում, 
-Միջազգային լավագույն բնապահապանական փորձի ներդրում և այլն:
Կողմերը համաձայնվել են  աջակցել միմյանց միջազգային և տեղական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում, գործիքակազմեր ներդնելու ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացում և այլն: 
Նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը շնորհավորել է գործընկերներին համագործակցության մեկնարկի առթիվ և հույս հայտնել, որ հուշագրի կնքումը նոր խթան կհանդիսանա արդեն իսկ առկա արդյունավետ համագործակցության շարունակության համար և բարենպաստ միջավայր կստեղծի նորարար ծրագրերի կյանքի կոչման համար։