ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.01.2022
Քննարկվել է որսորդական մինիմումի հարցաշարի ձևաչափը

Հանրապետությունում գործող որսորդական հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել է որսորդական մինիմումի հարցաշարի ձևաչափը:
Որսի հասարակական իրավահարաբերությունների և որսի գործընթացի կանոնակարգման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, «BirdLinks Armenia» ՀԿ-ի և հանրապետությունում գործող որսորդական հասարակական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվել էր ընդլայնված քննարկում։
Ներկաները քննարկել են այս պահին մշակման փուլում գտնվող որսորդական մինիմումի հարցաշարի ձևաչափը։
Քննությունը նպատակաուղղված է լինելու ստուգելու որսորդների (և դիմորդների) գիտելիքները ոլորտը կարգավորող օրենսդրության, որսի կանոնների, որսի կենդանիների ճանաչելիության ու նույնականացման վերաբերյալ, ինչպես նաև՝ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին  տարբերակելու հմտությունները:
Քննարկվել են քննության հարցաշարի ձևանմուշները։
Որսորդական հասարակական կազմակերպությունների կողմից հնչել են մի շարք մեկնաբանություններ ու դիտարկումներ, որոնք կքննարվեն և կվերլուծվեն մասնագետների կողմից՝ հետագայում բարելավել  քննական հարցերը բարելավելու նպատակով։
Քննությանը պատրաստվելու համար որսորդներին անհրաժեշտ է լինելու վերապատրաստում: Դիտարկվել են նաև վերապատրաստման դասընթացների ծրագրերը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննության և վերապատրաստման դասընթացի պիլոտային տարբերակն անցկացնել Երևանում, Շիրակի և Վայոց ձորի մարզերում։