ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.07.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում:
Ոլորտն համակարգող նախարարի տեղակալը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ քննարկել է ՇՄԱԳ ինստիտուտում մեկնարկած բարեփոխումների և դրա գործունեության ընթացքի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչիկ Մարտիրոսյանը նախարարի տեղակալին է ներկայացրել  ընթացիկ աշխատանքները։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է իր աշխատանքային ծրագրով սահմանված նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի փորձաքննություն՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում: 
2022թթ. հունվար-մարտ ամիսներին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ներկայացվել 74 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր և գնահատման հաշվետվություններ:
Սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել 14 հայտերին, 24 գործունեությունների վերաբերյալ տրամադրվել են եզրակացություններ։ 
Փորձաքննության գործընթացքում են գտնվում 134 գնահատման հայտերի և գնահատման հաշվետվությունների փաստաթղթեր:
2021 թվականի ընթացքում կազմակերպության մասնագետների կողմից ուսումնասիրվել և համապատասխան ընթացք է տրվել ավելի քան 400  նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի գնահատման հայտերին և հաշվետվություններին։
Հանդիպմանը քննակվել են փորձաքննական ժամկետները չխախտելու, եզրակացությունները և տեխնիկական առաջադրանքները ժամանակին, հիմնավորված, անսխալ կազմելու և ներկայացնելու վերաբերյալ հարցեր։
Անդրադարձ է կատարվել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծին։ Օրենքի փոփոխության համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է այնպիսի համապարփակ արդյունքի ստացումը, որը լուծումներ կտա ոլորտում առկա խնդիրներին և կօգնի լուծել ընթացակարգային թյուրըկալումները։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից լրացուցիչ 10.541.7 հազար դրամ գումար էր հատկացրել՝ ՊՈԱԿ-ի աշխատավարձերի և պահպանման ծախսերի համար։