ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.07.2022
«Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության հետ համագործակցության հուշագիր է կնքվել

Հայաստանի Հանրապետությունում էկոլոգիական կրթության զարգացմանը, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, էկոլոգիական գիտակցության ձևավորմանը, բնապահպան մասնագետների պատրաստմանը, վերապատրաստմանը և բնապահպանական խնդիրների լուծման համար գիտական նորարարական գաղափարների ներկայացմանը նպաստելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը՝  ի դեմս նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, և Շրջակա միջավայր և առողջություն/Environment and Health հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Լիանա Մարգարյանի համագործակցության հուշագիր են կնքել։
Շնորհավորելով գործընկերներին հուշագրի կնքման առթիվ, նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել  «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպությանն իր գործունեությամբ Էկոլոգիական կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացմանն աջակցելու համար։
«Շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքը և բնական ռեսուրսների անխնա օգտագործման վերաբերյալ մակերեսային ընկալումը հետևանք են էկոլոգիական գիտելիքների և մշակույթի ցածր մակարդակի կամ բացակայության: Հետևաբար նոր էկոլոգիական մտածելակերպի ձևավորումը, հիմնված բնության և հասարակության համատեղ զարգացման սկզբունքների վրա, անհնար է առանց համընդհանուր էկոլոգիական կրթության և դաստիարակության:
Մենք չափազանց կարևորում ենք նաև, որ Ձեր գործունեության առանցքում է հատկապես Սևանա լիճը և դրա հիմնախնդիրները։ Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտակից, որ Սևանա լճի խնդիրների պատասխանատուն  ոչ միայն Գեղարքունիքի մարզի բնակիչն է, այլև հենց ինքը։ Իսկ այդ գիտակցության ձևավորմանը կրկին հնարավոր է հասնել միայն որակյալ էկոլոգիական կրթության և գրագետ իրազեկման արշավների միջոցով։
Հուսով ենք այս  հուշագրից բխող պարտավորությունների հիման վրա այսուհետ Ձեր տածած գործունեությունը կօժանդակի Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերին՝ խրախուսելու և ապահովելու բնապահպանական կրթությունը դպրոցական բոլոր մակարդակներում և համայնքներում»,-նշել է նախարարի տեղակալը։
Հուշագրով կողմերը պարտավորվում են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
-էկոլոգիական կրթություն և «Eco-friendly» վարքագծի դաստիարակչություն, այդ թվում՝ համապատասխան օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումներ,
-բնապահպանական թեմաներով վերապատրաստումներ և մասնագիտական խորհրդատվություններ,
-բնապահպանական տեղեկատվության տարածում՝ ոչ ֆորմալ էկո-կրթական մեխանիզմների կիրառմամբ,
-գիտական նորարար լուծումների ներկայացում և ներդրում։
Հուշագրի շրջանակում կկազմակերպվեն դպրոցականների և երիտասարդների համար էկոկրթական միջոցառումներ, բաց դասեր, սեմինարներ, ինչպես նաև ուսումնական այցեր և այլ նմանատիպ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն էկոլոգիական կրթության զարգացմանը, կնպաստեն ապագա բնապահպան մասնագետների պատրաստմանն ու ոլորտի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը,
Կիրականացվեն հանդիպումներ, քննարկումներ, վեբինարներ ոլորտի առաջատար փորձագետների, նախարարության աշխատակիցների և ուսանողների, աշակերտների ու մանկավարժների հետ՝ դրանով իսկ խթանելով բնապահպանություն մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, փորձի ու գիտելիքների փոխանակմանը, ապագա բնապահպանների՝ աշխատաշուկայի հետ ծանոթացմանը, ինչպես նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջազգային լավագույն փորձի ու նորարական գաղափարների ներկայացմանը,
Կմշակվեն ոչ ֆորմալ կրթական մեխանիզմներ՝ էկոլոգիական խաղեր, անիմացիոն պրեզենտացիաներ, վիկտորինաներ, մրցումներ, որոնք հանրության կողմից բնապահպանական խնդիրների ու լուծումների ճանաչումը կդարձնեն հեշտ ըմբռնելի ու կիրառելի։