ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.07.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի տնտեսական ծրագրերի խորհրդատու Արամ Ղարիբյանին, իրավախորհրդատու Վլադիմիր Բաբայանին և կրթական ծրագրերի խորհրդատու Աշոտ Բլեյանին

Նախարարին է ներկայացվել «Գագարին» նախագիծը, որը հնարավորություն կտա ձևավորելու զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ:
«Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը իրականացնելու է տարածաշրջանի զարգացման ծրագիր: Այս համայնքներում հիմա բնակվում է մոտ 11 հազար բնակիչ: 34 հազար հեկտարի վրա իրականացվելու են ևս 24000 բնակիչների համար նախատեսված ենթակառուցվածքների, շենք-շինությունների կառուցապատում, էկոտուրիզմի, գյուղատնտեսական արժեշղթայի ստեղծում:
Նախարարին է ներկայացվել նախագծի բնապահպանական կոմպոնենտը. ստեղծվելու են ժամանակակից լուծումներով էներգետիկ, գյուղատնտեսական, քաղաքաշինական և զբոսաշրջային ենթակառուցվածքներ:
Մեծ տեղ է հատկացվելու էկոլոգիային և ջրային ռեսուրսներին: Նախատեսվում է վերականգնել Հրազդան գետի հունը, լեռնային ջրամբարներն ու ջրի այլ աղբյուրները օգտագործել գյուղատնտեսական հողերի ոռոգման համար:
Տարածաշրջանը մեծ ռեսուրս ունի: Սա ինքնաբավ, փակ էկոհամակարգ է լինելու: Կենսաբազմազանության խթանումը, ջրային ռեսուրսների կառավարման և էկոհամակարգի բարելավումը կարևոր են Գագարին հովտի ապագայի համար:
Ծրագիրը կնպաստի նաև գյուղական համայնքների բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ 
Նախագծի շրջանակում  նախատեսվում է մրցունակ կրթական էկոհամակարգի ստեղծում։ Նախագիծը կրթության ոլորտի առանցքային բաղադրիչ է դիտարկում  տարածաշրջանային երկրագործական կրթական-արտադրական բազմաֆունկցիոնալ կլաստերի ստեղծումը՝ միջազգային մասնագիտացված գործընկերների ներգրավելու և տեղական ավանդույթներն ու ներուժը վերագնահատելու միջոցով։
Կհիմնվի ագրոքոլեջ և ինովացիոն կենտրոն, որը միջազգայնորեն մրցունակ գյուղատնտեսական կլաստերի զարգացման համար գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման կենտրոն է հանդիսանալու։
Նախարարը փաստել է, որ կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ նախագծի իրականացումը միտված է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին ավանի, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղերի տարածքային զարգացմանը։
«Որքան զարգացած և կայացած են Գեղարքունիքի մարզի համայնքները, այնքան ավելի նվազում է ճնշումը Սևանա լճի վրա։ Սևանա լճի ավազանի համայնքներում բնապահպանական օրինակելի կենսամիջավայրի և վարքագծի ձևավորումը մեր առաջնային խնդիրներից մեկն է»,- նշել է նախարարը և խոստացել իր լիազորությունների և հնարավորությունների սահմանում անել հնարավորը, որպեսզի նախագծի կյանքի կոչման արդյունքում շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց գրանցվի։