ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.03.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն այցելել են «Այբ» դպրոց

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հյուրընկալվել էին «Այբ» դպրոցում: 
Նախարարն այցելել էր դպրոց՝ ծանոթանալու բնագիտական ուղղվածությամբ իրականացվող ծրագրերին և հանդիպելու RenéMask նախագծի հեղինակներին, ովքեր հեղինակավոր The Earth Prize 2022-ին աշխարհի 114 երկրից 516 դպրոցների շարքում դիմորդ-թիմերի լավագույն տասնյակում են հայտնվել։
Դպրոցի գործադիր տնօրեն  Դավիթ Սահակյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել դպրոցի հնարավորություններին, կրթական միջավայրին, աշակերտների կողմից իրականացված նախագծերին։
«Այբ» դպրոցում բնապահպանական վարքագիծը և շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը մշտապես ուշադրության կենտրոնում են։ Դպրոցում գործում է հասարակական գործունեության «Էկո» թիմը։ Աշակերտները կամավորական սկզբունքով նախաձեռնում և իրականացնում են շաբաթօրյակներ, ազդապաստառային արշավներ, ստեղծում ահազանգող հոլովակներ ու կազմակերպում տեղեկատվական միջոցառումներ ինչպես «Այբ»-ում, այնպես էլ դպրոցից դուրս՝ Հայաստանի տարբեր վայրերում։
Դպրոցի լաբորատորիայում RenéMask նախագծի հեղինակ աշակերտները նախարարին են պատմել բժշկական դիմակների վերամշակման իրենց նախագծի մասին և գործնականում ցուցադրել  փորձակումներից մի հատված։
Նախարարն իր հիացմունքն է արտահայտել առ այն, որ տարբերվող մոտեցումը դասավանդման գործընթացին,աշակերտների մոտ կարող է խթանել նախաձեռնողականությունը՝ զարգացնելով նրանց նորարարական մտածողությունն ու ստեղծարարությունը։
«Աշակերտները կարող են և պետք է ներգրավված լինեն իրենց համայնքում, շրջակա միջավայրում  կյանքի որակի և մտածելակերպի փոփոխության և բարելավման գործընթացում»,-աշակերտների և ուսուցիչների հետ անմիջական զրույցի ընթացքում նշել է  նախարար Հակոբ Սիմիդյանը և հույս հայտնել, որ դպրոցի աշակերտներն ու շրջնավարտներն իրենց գիտելիքներն ու հմտությունները կծառայեցնեն ավելի կանաչ ու զարգացող շրջակա միջավայր ունենալու մեր միասնական տեսլականին։
Միևնույն ժամանակ նախարարը խոստացել է ապահովել հարթակ, որտեղ դպրոցի աշակերտները կգործակցեն Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների հետ՝ ավելի պրակտիկ դաշտում իրենց գիտելիքները կիրառելու և, ինչու ոչ, ոլորտը թարմ գաղափարներով հարստացնելու նպատակով։