ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.12.2022
Կայացել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի էկոակումբների երիտասարդական գագաթնաժողովը

Դեկտեմբերի 20-ին կայացել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի էկոակումբների երիտասարդական գագաթնաժողովը:
Գագաթնաժողովին ներկայացվել է տարեսկզբին հիմնված էկոակումբների գործունեության մեկ տարվա ամփոփը՝ իրականացված բնապահպանական նախագծերը, արդյունքներն ու հետևանքները: 
Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը, տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, էկոակումբների անդամներ, հյուրեր:
Բացման խոսքում կարևորվել է արդի գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում էկոլոգիական դաստիարակության, կրթության ու իրազեկման դերը։ Ներկայացվել է գիտական հիմնավորվածությամբ բնապահպանական մշակույթի ձևավորման, այդ ուղղությամբ շահագրգիռ բոլոր կողմերի համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ ապահովելով անընդմեջ էկոլոգիական կրթության հասանելիություն հասարակության բոլոր շերտերի համար։
Հանձնաժողովի կողմից գնահատվել են էկոակումբների նախագծերը. Վանաձորի Պ. Սևակի անվան թիվ 30 հիմնական դպրոցը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը, Ջրահովիտի Վ.Աբրահամյանի անվ. միջնակարգ դպրոցը ՝ 2-րդ և Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցը՝ 3-րդ հորիզոնականը:
Բնապահպանական ծրագրերը ներառում էին բացօթյա էկոդասարանի կառուցում, բացօթյա էկոգրադարանի ստեղծում, ջերմոցի կառուցում, դպրոցում էկոսենյակի կահավորում և այլն։
1994-ին ստեղծված «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի նպատակներից է շրջակա միջավայրի պահպանությունը ծառերի միջոցով: 2020 թվականից հիմնադրամը մեկնարկել է էկոակումբների հետ աշխատանքը։ Համագործակցության արդյունքում հիմնադրված էկոակումբների անդամների համար կազմակերպվում են բնապահպանական և կարողությունների հզորացման թեմաներով դասընթացներ։ Արդյունքում աշակերտները ձեռք են բերում բնապահպանական գիտելիքներ և կարողություններ՝ վերհանելու իրենց համայնքում առկա բնապահպանական կարևորության հիմնախնդիրները և ծրագիր կազմելու այդ առնչությամբ, որն էլ կյանքի են կոչում հիմնադրամի աջակցությամբ։