ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է (Շարմ Էլ Շեյխ)՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում կայանալիք 27-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։
Աշխատանքային այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանայի տնօրեն Կորին Ֆլեշերի և ծրագրի քաղաքականության գծով պատասխանատու Օսկար Եկդալի հետ։
Հանդիպմանը քննարկվել է Պարենի համաշխարհային ծրագրի և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ համագործակցության խորացումը և համագործակցության ուղղությունները։
Կորին Ֆլեշերն ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, պատերազմի արդյունքում կրած վնասները մեղմելուն ուղղված աջակցության միջոցառումները Սյունիքի մարզում, ինչպես նաև կլիմայական օրակարգում կանաչ էներգիային անցման և ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումները։
Գայանե Գաբրիելյանը   հավելել է, որ այժմ իրականացվում են տարածաշրջանի կլիմայական երկու նախագծեր` ուղղված կլիմայի փոփոխության, տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման քաղաքականությանը:
Ռազմավարությունների կիրարկումը ոլորտային քաղաքականություններում,  խթան կհանդիսանա նախապատրաստվելու երկարաժամկետ ռազմավարությունների մշակմանն ու ներկայացմանը:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ծրագրին`  Հայաստանի Հանրապետությանը շարունակական աջակցության համար և առանձնացրել այն ուղղությունները, որոնցով կարելի է ընդլայնել այդ աջակցությունն ու ձևավորել ոլորտային համագործակցություն։
Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել շրջակա միջավայրի արդյունավետ կառավարմանը նպաստող և բնապահպանական շահերից բխող նախագծերի շուտափույթ իրականացման ուղղությամբ։
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը գործընկերներին հրավիրել է Հայաստան։