ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.06.2023
«ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՌԴ բնական ռեսուրսների ու էկոլոգիայի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագրի 2022-2023թթ․ միջոցառումների իրականացման աշխատանքային խմբի առաջին հանդիպում

Մայիսի 29-ից 30-ը Ջերմուկում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ռուսաստանի դաշնության բնական ռեսուրսների ու էկոլոգիայի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագրի 2022-2023թթ․ միջոցառումների իրականացման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։
Աշխատանքային խմբի հայկական կողմը ղեկավարում էր նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ռուսական կողմը՝ Ռուսաստանի դաշնության բնական ռեսուրսների ու էկոլոգիայի նախարարության միջազգային համագործակցության և կլիմայական փոփոխությունների բաժնի ղեկավար Իվան Ալեքսանդրովիչ Կուշը։
Հանդիպումը անցել է ջերմ, գործընկերային մթնոլորտում։
Պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել ողջույնի ելույթներով՝ ընգծելով աշխատանքային խմբի առաջին հանդիպման կարևորությունը և հույս են հայտնել հետագա առավել արդյունավետ համագործակցության։
Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվել են շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման  շուրջ ազգային քաղաքականության և պետական հսկողության վերաբերյալ տեղեկատվությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է շրջակա միջավայրի ոլորտի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Կողմերը փորձի փոխանակում են իրականացրել հետևյալ ոլորտների շուրջ՝ 
Թափոնների կառավարում,
Մթնոլորտային օդի պահպանություն,
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում,
Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության պահպանության համակարգի զարգացում,
Անտառային քաղաքականություն:
Առանձնակի անդրադարձ է կատարվել մթնոլորտային օդի պահպանության խնդրին։ Ռուս գործընկերներին են ներկայացվել այս ոլորտում իրականացված աշխատանքները և օրենսդրական բարեփոխումները։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ ուղղություններով համագործակցության ընդլայնման շուրջ։