ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.12.2016
Քննարկում բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ

ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում- խորհրդակցություն բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ: Ծավալված քննարկման ընթացքում ներկայացվել են բնապահպանության համակարգում տարածքների պահպանման  արդյունավետության համար անհրաժեշտություն դարձող տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերը, անդրադարձ է եղել  խնդրի կարգավորման միջազգային փորձին: Ներկայացվել են տարածքների պահպանության վերաբերյալ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորության` Կովկասի բնության հիմնադրամի/ CNF/ պատվերով իրականացված «Ինսթիգեյթ»ընկերության  վերլուծությունը  և «Synergy» ընկերության ապօրինի ծառահատումների դեմ տեխնոլոգիական կիրառման մասին աշխատանքը: Քննարկմանը կարևորվել է կրթական հաստատությունների հետ համատեղ աշխատանքը, մտքեր են փոխանակվել բնապահպանական խնդիրների ձևակերպման և լուծումների ուղղությամբ: Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների և տարածքների պահպանության գործում նորարարական լուծումների ներդնումը, նշել է, որ հարցերին գործնական մոտեցում է պետք տալ և փոխգործակցված աշխատանքով հնարավոր կլինի արդյունավետ ճանապարհ գտնել՝ պասիվ-հարմարվողականից ակտիվ-նախաձեռնողական  մոտեցմամբ:Հնչած առաջարկների ուսումնասիրման և տարբերակների քննարկման նպատակով առաջիկայում կրկին նմանատիպ հանդիպում է նախանշվում անցկացնել՝ առավել լայն շրջանակով: