ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.10.2016
ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքել է hraparak.am կայքում տպագրված ահազանգին

hraparak.am կայքում հոկտեմբերի 3-ին տպագրվել էր հոդված, որում ասվում էր, որ Երևան-Թալին ճանապարհին, «Մշոօջախ» հասարակական օբյեկտի դիմաց գտնվող «Ֆիլտրացված գազ» գազալցակայանի հարևանությամբ սահմանված չափանիշներին չհամապատասխանող պայմաններում պահվում է մոտ 3 տարեկանարջ: Հոդվածի հեղինակ Հասմիկ Մելքոնյանը ՀՀ բնապահպանության նախարարին խնդրել էր հնարավորինս սեղմ ժամկետներում հանձնարարական տալ համապատասխան ստորաբաժանմանը`արջին այդ պայմաններից ազատելու համար: Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները նույն օրը մեկնել են հոդվածում հիշատակված վայր:Արջին պահող «Սվանոր» ՍՊԸ-ի տնօրենը Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 90-րդ հոդվածի պահանջները խախտելու հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության: Փաստի վերաբերյալ տեղեկացվել է իրավապահ մարմիններին: ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ բանակցություններ են վարվել Երևանի կենդանաբանական այգու տնօրինության հետ` արջին կենդանաբանական այգի տեղափոխելու նպատակով, որտեղ կենդանին նաև կենթարկվի առաջնային բուժզննման և կանցնի վերականգնման փուլ: Երևանի կենդանաբանական այգու տնօրինության հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն և արջի տեղափոխման մասին կծանուցվի լրացուցիչ: Անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների խնդրի լուծման նպատակով 2016 թ. հունվարին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով, նախարարի տեղակալի գլխավորությամբ, նախարարության աշխատակիցներից, հասարակական կազմակերպությունների և ոլորտի այլ կազմակերպությունների ու գիտական հաստատությունների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբի կողմից մշակվել է «ՀՀ կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն: Աշխատանքային խմբի մշակած օրենսդրական փոփոխություններով սահմանվելու է վայրի կենդանի պահելու համար լիցենզիա տալու ընթացակարգ։ Լիցենզիա ստանալու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձը ներկայացնելու է հիմնավորումներ, որ միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ է ստեղծել վայրի կենդանու համար, ունի պայմանագիր անասնաբույժի հետ։ Օրենքի նախագծով բոլոր վայրի կենդանիները հաշվառվելու են, ինչը թույլ կտա կանխել կենդանու ապօրինի շարժը: