ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.09.2016
Նոր հնարավորություններ` ջրային ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման համար

Սույն թվականի սեպտեմբերի 19-20 ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԵՄ Արևելյան գործընկերության երկրների միջազգային գետավազանների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերը: Հանդիպման շրջանակներում մեկնարկել է "ԵՄ ջրային նախաձեռնություն +" քառամյա տարածաշրջանային ծրագիրը, որի շնորհիվ երկրներում հնարավոր է բարելավել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարումը: Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է իրականացնել ջրային ռեսուրսների մոնիթորինգի բարելավում, ջրավազանային կառավարման պլանների մշակում, աջակցություն առկա կառավարման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացմանը: Մասնավորապես՝ շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի և հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնների վերազինում, ստորերկրյա և մակերևութային ջրերի որակական և քանակական մոնիթորինգի լաբորատոր ենթակառուցվածքների արդիականացում, աջակցություն Շրջակա միջավայրի վրա ներգործության կենտրոնի լաբորատորիայի միջազգային հավատարմագրմանը, էկոլոգիական հոսքի հաշվարկի օպտիմալ մեթոդի մշակում և այլն:Խ. Հակոբյանը ներկայացրել է 2012-16թթ. ԵՄ "Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն" ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված ջրային ոլորտի կառավարման բարեփոխումները՝ մասնավորեցնելով Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի մշակման գործընթացը, Արարատյան դաշտի 3 ձկնաբուծարանների հորերում տեղադրված ավտոմատ կառավարման SCADA համակարգերի տեղադրումը, ինչպես նաև ոլորտի իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումները: Տարածաշրջանային ծրագրի ամփոփման արդյունքներով Հայաստանն առաջընթաց է արձանագրել և կարող է օրինակելի փորձ դառնալ տարածաշրջանի երկրների համար, քանի որ ի տարբերություն գործընկեր երկրների, Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ մշակել և կառավարության կողմից հաստատել է երկրում առկա 6 ջրավազանային տարածքներից 2-ի կառավարման պլանները, իսկ երրորդը՝ Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանը նախատեսվում է հաստատել մինչև տարեվերջ: