ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.03.2015
ՀՀ բնապահպանության նախարարը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենը քննարկել են 2015թ. Հայաստանի ԲՀՊՏ-ների աջակցության ծրագիրը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: Կողմերն անդրադարձել են Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից 2014թ ընթացքում Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված աշխատանքներին: Քննարկվել են 2014-ին մեկնարկած ծրագրերը` մասնավորապես «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանի մշակումը, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում նախատեսված աջակցության ծրագրերը, որոնք կշարունակվեն 2015 թվականի ընթացքում: Դեյվիդ Մորիսոնը նշել է, որ արդեն օգոստոս ամսին բնապահպանության նախարարության հաստատմանը կներկայացվի «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանը 2016-2020թթ. համար: Կողմերը քննարկել են «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» գործունեության հեռանկարները նոր ձևաչափով, որպես միասնական համալիր: Անդրադառնալով 2015 թվականի անելիքներին` նախարար Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն ու CNF-ը կկարողանան հաջողությամբ իրականացնել այս տարվա համար նախանշված ծրագրերը` մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների հետագա կայուն զարգացման հեռանկարներն առավել ամրապնդելու նպատակով: Դեյվիդ Մորիսոնը նշել է, որ հիմնադրամը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների աջակցության համար 2015-ին նախատեսել է տրամադրել 445.000 եվրո գումար: Կողմերը կարևորել են այս տարի «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նախատեսվող կենսաբազմազանության մոնիթորինգի անցկացման պիլոտային ծրագիրը: «Կենսաբազմազանության մոնիթորինգը կդառնա այն օբյեկտիվ ազդակը, որը ցույց կտա իրականացվող պահպանության արդյունավետության աստիճանը»,- նշել է Դեյվիդ Մորիսոնը: Նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է զուգահեռ մոնիթորինգային ծրագիր ներդնել Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքում: Անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էկոտուրիզմի զարգացման խնդիրներին` Արամայիս Գրիգորյանը մի շարք առաջարկություններ է ներկայացրել հիմնադրամի ներկայացուցիչներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատանքներ տանել այդ ուղղությամբ: Այս տարի լրանում է «Արփի լիճ» ազգային պարկում իրականացվող ծրագրերով Նախարարության և հիմնադրամի համագործակցության առաջին փուլը: Կողմերն արդյունավետ են գնահատել ազգային պարկի ստեղծման և կայացման աշխատանքները` նշելով, որ ամուր հեռանկարային հիմքեր են ստեղված ազգային պարկի կայուն զարգացման համար: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները: